13/12/2017 14:03
Ոչնչացման ենթակա սպառազինությունը դուրս է բերվել ՊՆ-ի հաշվեկշռից. Լևոն Այվազյան
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ստեղծվելիք Վստահության հիմնադրամը Գերմանիայի համար կարևորագույն հարցերից մեկն է, այս մասին «ՆԱՏՕ շաբաթը Հայաստանում» միջոցառման մեկնարկին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։
«Դեռևս մեկ տարի առաջ Գերմանիան հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել պատասխատվություն տվյալ Վստահության հիմնադրամը ստեղծելու համար: Հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը օրեր առաջ է վավերացվել Հայաստանի խորհրդարանում, և արդեն շաբաթներ անց կարելի է խոսել իրականացման գործընթացի մասին», - նշեց դեսպանը։
Վերջինս նաև հիշեցրեց, որ Վստահության հիմնադրամն իրականացնելու է երկու ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է 21 մարտական մեքենայի թվի նվազեցում, շուրջ 140 ոչ պիտանի պայմանական մարտական համակարգերի ոչնչացում, ինչպես նաև լրացուցիչ մարդասիրական օժանդակություն Հայաստանին՝ ականազերծման նպատակով։
Միջոցառմանը ներկա ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ասաց, թե սպառազինությունը, որը ենթակա է ոչնչացման, արդեն իսկ դուրս է բերված զինված ուժերի հաշվեկշռից. Այն իրենից ներկայացնում է զրահապատ ռազմական մեքենաներ, տանկեր և այնպիսի տեխնիկա, որը ենթակա չէ ո՛չ շահագործման, ո՛չ էլ օգտագործման՝ այլ նպատակով։
«Սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչնչացումը ենթադրում է դրանց կտրատում՝ միջազգային ստանդարտներով, վաճառք, որից առաջացած գումարը պետք է օգտագործվի հումանիտար՝ ականազերծման ծրագրերի իրականացման համար», - ասաց Լևոն Այվազյանը։