13/12/2017 16:33
Դեռևս ուժի մեջ չմտած օրենսգրքի վերաբերյալ արդեն մտածում են փոփոխություններ անեն. թե լավ փոփոխություններ էին, թող ի սկզբանե լինեին. Վարդան Բոստանջյան
«Ծառուկյան» խմբակցությունն այսօր դեմ քվեարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ պնդելով, որ սա այն օրենքը չէ, որում պետք է պարբերաբար փոփոխություններ կատարվեն: Aysor.am-ի թղթակցի հետ զրուցում «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ հարկային հարաբերությունները հասարակության ամենախոցելի տեղն են և անհրաժեշտ է, որպեսզի դրանք որոշակի ժամանակահատվածում մնան անփոփոխ:
- Պարոն Բոստանջյան, ի՞նչ վտանգներ եք տեսնում օրենքում կատարված փոփոխություններում, որ դեմ քվեարկեցիք:
- Առաջին հերթին աշխատանքի կուլտուրայի մասին պետք է խոսել, ոչ թե վտանգների: Մենք չենք չափագրել՝ այս փոփոխություններով պայմանավորված վտանգի աստիճանը մեծ է, թե փոքր, բայց ակնհայտ է, որ «Հարկային օրենսգիրքը», որը 2018-ի հունվարի 1-ից պիտի աշխատեր, մասնագետների ու առաջին հերթին գործարար աշխարհի կողմից արժանացել է քննադատության: Եթե լավ փոփոխություններ էին, թող լինեին օրենսգրքում: Լավ, թե վատ, նման օրենսգիրքն արդեն ընդունվել է, որն, ըստ էության, տնտեսավարող սուբյեկտների, նյութական բարիքներ ստեղծողների, ծառայություններ մատուցողների համար չի ստեղծում այն պայմանները, ինչ պետք է այս պահին:
Դեռևս ուժի մեջ չմտած օրենսգրքի վերաբերյալ արդեն մտածում են փոփոխություններ անեն: Եթե լավ փոփոխություններ էին, թող ի սկզբանե լինեին օրենսգրքում: Եթե չաշխատող օրենսգրքի վերաբերյալ առաջարկվում են փոփոխություններ, հավանականությունը մեծանում է, որ վաղը նորից կարող է փոփոխության անհրաժեշտություն լինել: Բայց հարկային հարաբերությունները հասարակության ամենախոցելի տեղն են, որովհետև գործունեություն ծավալողների և ծառայություններ մատուցողների համար խաղի կանոններ պիտի լինեն, որոնք անգամ եթե վատն են, մի որոշակի ժամանակ պետք է անփոփոխ լինեն: Իներցիոն պրոցեսները գործունեության պարագայում պահանջում են կայունություն, որի բացակայությունը նրանց գործի խաթարմանն է բերում:
- Կարելի՞ է պնդել, որ առաջարկվող փոփոխությունները փաստարկված չեք համարում:
- Այո՛, նաև այդպես կարելի է ասել: Հիմա մի շարք օրինագծեր ունենք, ինչպես, օրինակ, Ասիական բանկից 40 մլն դոլարի վարկ վերցնելու համաձայնագիրը (ԱԺ-ն այսօր վավերացրեց Ասիական բանկից 40 մլն դոլար վարկ վերցնելու մասին համաձայնագիրը, որին «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր՝ Aysor.am) ու տեսաք՝ ինչպես այն քննարկվեց խորհրդարանում՝ հիմնական զեկուցողն, ըստ էության, չտվեց սպառիչ պատասխան այն մասին, թե ինչ ուղղությամբ և ինչ նպատակով է այն օգտագործվելու: Ես չեմ հասկանում, դա մեր երկրի համար նպատակահարմար է, թե ոչ: Նույնն էլ այս դեպքում է:
- Ի՞նչ առաջնային փոփոխություններ կուզեիք տեսնել օրենքում, որը չտեսաք:
- Երկրում կա մրցակցության բացակայություն, ֆինանսական ռեսուրսների թանկացում և վարչարարության կոպտություն: Ամենակարևորը գործարարների համար պարտավորությունների հստակ ու ճիշտ կատարումն է, որի պարագայում վարչարարությունը բարձր ու հիմնավոր մակարդակում պիտի գտնվի: Երկրում էլ ընդհանուր առմամբ տնտեսական ազատ մրցակցություն պիտի ապահովվի: