14/12/2017 12:41
«Ելք» խմբակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրում է Զեյնալյանի թեկնածությունը և բանակցություններ սկսում «Ծառուկյան» խմբակցության հետ
ԱԺ «Ելք» խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:
«Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։
ԵԼՔ-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար», - տեղեկացնում է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
2015-ին ընդունված Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է ՀՀ նախագահի ընտրության նոր կարգ: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
2. Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
3. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
4. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
5. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
6. Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով: