14/12/2017 18:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի և Կիպրոսի պատվիրակություններին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին և Կիպրոսի Հանրապետության նախագահի` հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությունները՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի:
Հրանուշ Հակոբյանը Նորին Սրբությանը ներկայացրել է Հունաստանի և Կիպրոսի պատվիրակությունների Հայաստան այցի նպատակը, կարևորեց սփյուռքի հարցերի շուրջ սկզբնավորվող եռակողմ համագործակցությունը, որն ազդարարվել է ՀՀ Սփյուռքի նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը ողջունել է հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նշելով, որ նման գործակցության համար ամուր հիմք են ծառայում դարերով ձևավորված սերտ հարաբերությունները:
Նորին Սրբությունը կարևորել է պատմական հանգամանքների բերումով տարբեր երկրներում ապաստան գտած հայ և հույն ժողուրդների զավակների նկատմամբ դրսևորվող հոգատարությունը, ինչը կնպաստի սփյուռքի առջև ծառացող արդի մարտահրավերների հաղթահարմանը և ազգային ինքնության պահպանմանը:
Գարեգին Բ Կաթողիկոսը կարևորել է Սփյուռքում երեք համայնքների փոխադարձ զորակցությունը, որպեսզի կարողանան հասնել իրենց ժողովուրդների դեմ պատմության ընթացքում գործված անարդարության ճանաչմանը և միջազգայնորեն դատապարտմանը:
Սփյուռքի համախմբման գործում Վեհափառ Հայրապետը կարևոր է նկատել եկեղեցիների առաքելությունը, անդրադարձ կատարել Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա բարեկամական հարաբերություններին ու սփյուռքի տարբեր համայնքներում սերտ համագործակցությանը:
Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը նշել է, որ սփյուռքի համախմբվածության ամենակարևոր կամուրջը կրոնն է և եկեղեցին` կարևորելով եկեղեցու դերակատարությունը սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
Զրույցի ընթացքում Կիպրոսի նախագահի` հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը Նորին Սրբությանը փոխանցել է Կիպրոսի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները:
Ֆոտիսն բարձրորեն է արտահայտվել Կիպրոսի հայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ այն Կիպրոսի ժողովրդի կարևոր մասն է կազմում:
Հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարը նույնպես անդրադարձել է սփյուռքի խնդիրներին՝ դրանց հաղթահարման գործում կարևորելով երեք երկրների համատեղ ջանքերը: Վերջինս նկատեց նաև, որ Սփյուռքը մեծ ուժ է և կարող է իր հերթին նպաստել ազգային շահերին: