14/12/2017 18:03
Ոչ մեկի պատվերը չեմ կատարել, ասել եմ այն, ինչն իրականություն է. Մարտունու քաղաքապետը՝ Հակոբ Հակոբյանի մասին արած հայտարարության մասին
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը զարմացած է, որ իր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հասցեին արված հայտարարությունը կարող է պատվեր որակվել։
«Ես ամբողջ կյանքում ոչ մեկի պատվերը չեմ կատարել ու չեմ էլ կատարի, որևէ մեկը որևէ տեղ չի լսի, որ ես երբևիցե պատվեր եմ կատարել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Ավետիսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հայտարարությանը, ով ասել էր, թե Մարտունու քաղաքապետը պատվեր է կատարել։
Արմեն Ավետիսյանը, անդրադառնալով պատգամավորի՝ թանկացումների մասին արած արտահայտությանը, ասել էր, որ վատ է վերաբերում նման հայտարարությանը. «Ինքը ժողովրդի կողմից չի ընտրվել: Նա ուղիղ աշխատել է աղքատ խավի հետ, մի քանի կոպեկ փող տվել ու ընտրվել: Արդար ճանապարհով իրեն մի հոգի էլ ձայն չի տվել: Ինքը Մարտունու ու մարտունեցու պատիվը չի, այլ մեր պատիվը վարկաբեկող մարդ է»:
Մարտունու քաղաքապետը վստահեցնում է՝ ասել է այն, ինչ իրականությունն է։
«Ինչ գիտեմ, այն էլ ասել եմ, ասել եմ իրականությունը, դրանից հետո ինչ ուզում է, թող լինի», - նշեց Ա. Ավետիսյանը։
Դիտարկմանը՝ մտավախություն չկա՞, որ ՀՀԿ-ից կարող է խոսակցություն գա իր վրա՝ ՀՀԿ-ական պատգամավորի մասին նման արտահայտության համար, Մարտունու քաղաքապետն արձագանքեց. «Ինձ ոչ մեկ էլ չի խոչընդոտել ու խոչընդոտելու, ես իմ աշխատանքները նորմալ կատարում եմ, ես ի՞նչ եմ արել, որ խոչընդոտեն, ես իրականությունն եմ ասել։ Իմ աշխատանքին չեն կարող խոչընդոտել, որովհետև ես աշխատում եմ ազնիվ, արդար ու զուսպ՝ ի շահ մեր ժողովրդի»։
Հիշեցնենք՝ խոսելով թանկացումների մասին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասել էր, որ «դրանք չեն ազդի աղքատների վրա. աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»։