14/12/2017 12:00
Մեղրիում ու Ագարակում գազի բաշխման ցանցի կառուցման համար «Գազպրոմ Արմենիա»-ին խոշոր արժեքով գույք հանձնվեց
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ընդհանուր 1.279.169.136 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
Որոշման նախագծում նշված է, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
«Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին Փոխըմբռնման Հուշագիր (Հուշագիր): ԻԻՀ կառավարությունը համաձայնել է Հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար», - նշված է նախագծում:
Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել Հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:
2011 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (պատվիրատու) և իրանական «Սաներջի» ընկերության (գլխավոր կապալառու) միջև կնքվել է ծրագրի իրականացման պայմանագիր (Պայմանագիր):
Ծրագրի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, որի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 1.279.169.136 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով նշված տարածքների գազամատակարարման կարևորությունը՝ կառավարությունն անհրաժեշտ է համարել նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: