14/12/2017 11:49
Պարզեցնել համայնքներում հողային նպատակային նշանակության փոփոխության գործընթացը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցման վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ՝ հաճախակի է դարձել գործարանների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները: Նշված դիմումների քննության ընթացքում Տեղական ինքնակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը, ինչպես նաև չնայած գործող կարգով նախատեսված են վարչաչարոթյան կատարման հստակ ժամկետներ՝ գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում», - ասաց նա:
Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկութուններ, հատկապես, անդրադառնալով մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին, նաև՝ ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ:
Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց սահմանել հսկողություն: