14/12/2017 23:29
Բանակը տևական ժամանակ բավարարվել է նրանով, ինչ հատկացրել ենք, ժամանակն է` մի քիչ ավելին անել բանակի համար. Սերժ Սարգսյան
Հայաստանում մի քանի ամիս հետո ամբողջովին փոխվելու է կառավարման համակարգը ու դրան համահունչ նախ փոփոխություններ պետք է լինեն զինված ուժերում, այսօր «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն` անդրադառնալով բանակը բարեփոխելու յոթնամյա ծրագրին:
«Բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է սպառազինության նոր տեսակներով, տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, բայց մենք մի քանի ամիս հետո ապրելու ենք մի երկրում, որտեղ ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը և այդ կառավարման համակարգին համահունչ նախ փոփոխություններ պետք է տեղի ունենան զինված ուժերում, որպեսզի այդ անցումը լինի շատ հարթ: Սա մեկ, որը շատ կարևոր է, երկրորդ՝ միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր հաստատել», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է` պետք է տեսնել, թե յոթ տարի հետո ինչ ունակություններ են ունենալու հայկական Զինված ուժերը.
«Պետք է ելնենք ոչ թե նրանից, թե ինչ միջոցներ կարող ենք ներդնել, այլ թե ինչ միջոցներ են անհրաժեշտ: Փիլիոսփայությունն է մի քիչ փոխվում», - ասել է ՀՀ նախագահն` ավելացնելով.
«Մենք գնալով որպես պետություն հասունանում ենք, մենք հասունանում ենք նաև որպես զինված ուժեր: Ակնհայտ է, որ բանակը շատ տևական ժամանակ բավարարվել է նրանով, ինչը որ հատկացրել ենք բանակին: Ես կարծում եմ, որ մեզ մի փուլ պետք է, որպեսզի մի քիչ ավելին անենք բանակի համար և դրա հնարավորությունները կան»: