14/12/2017 23:06
Սերժ Սարգսյան. Բանակցությունները կրակոցներ չեն սիրում, մարդաորսը պետք է բացառվի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ կոնկրետ կետերի շուրջ չի խոսվում, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Բայց եթե տեսնեք, թե այս երկու տարիներին ինչ է տեղի ունեցել, ապա այդ պրոցեսը պետք է բնական համարել: Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, և հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությունով», - նշել է նա։
Ս.Սարգսյանի խոսքով, առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, պետք է հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, և որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ:
«Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Եվ այդպիսի պայամաններում հնարավոր չէ գալ համաձայնության: Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ ցավալի են և նյարդային մթոնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում: Հանդարտ մթոնոլորտում պետք է կշռադառել յուրաքանչյուր բառը, յուրքանաչյուր դրույթը, որպեսզի հնարավոր լինի գալ համաձայնության», - ընդգծել է նախագահը։
Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելության մասին՝ նա ասել է, որ ԼՂ խնդրով որևէ հայեցակարգային և նոր առաջարկություն չկար:
«Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում մենք լոկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն քննարկում: Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ասաց: ՌԴ արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը և առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը», - ասել է Ս.Սարգսյանը։
Նախագահը ընդգծել է, որ շփման գծում պետք է հանդարտություն տիրի, զոհերը պետք է բացառվեն:
«Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթոնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ և այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն», - ասել է Ս.Սարգսյանը։