14/12/2017 23:24
Հայաստանը պարտադրված է լինել ռազմականացված երկիր. Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին չի մտահոգում, որ «Global Military» ինդեքսը Հայաստանն համարում է Եվրոպայի ամենառազմականացված երկիրը և աշխարհի երրորդը, այդ մասին Սերժ Սարգսյանը ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Լրագրողի հարցին, թե նախագահին չի՞ մտահոգում, որ Հայաստանը համարվում է ռազմականացված երկիր, նախագահը բացասական պատասխան է տվել ու հավելել է.
«Նախ դա մեր թերությունն է՝ իշխանությունների թերությունն է, որ այդպիսի տեղեկություններ հայտնվելուն պես մենք բացատրական աշխատանքներ չենք կատարում: Գիտեք, այդպիսի ռեյտինգները, այդպիսի չափորոշիչները, դրանք միշտ յուրահատուկ են, և առաջին հայացքից ստեղծվող տպավորությանը ոչ համապատասխանող: Ի՞նչ նկատի ունեմ: Դուք ասում եք, որ ռազմականացված պետություն, առաջին տպավորությունը այն է՝ փողոցում տանկ կա, և նույնիսկ եթե տանկ չկա, ապա պետությունն ընդհանրապես ռազմականացված է, քաղաքացիական իրավունքները սահմանափակված են և այլն: Փառք Աստծո, որևէ մեկը դա չի կարող ասել: Այդ ռեյտինգը որոշվել է մի քանի չափորոշիչներով. օրինակ՝ բնակչության մեկ շնչին ընկնող ծանր տեխնիկայի թվով, դա արդեն մի քիչ այլ բան է, քան ռազմականացվածը գոնե մեր պատկերացումներով: Իհարկե, նորմալ պայմաններում որևէ մեկի մտքով չէր անցնի, որ երեք միլիոն ժողովուրդը ունենար այսպիսի զինված ուժեր, բայց արդյո՞ք մենք կամավոր ենք այդ ճանապարհն ընդունել, մենք պարտադրված ենք դա անել: Մի կողմից մեզ մեղադրում են, որ իբր թե մենք ավելի թույլ ենք ռազմականապես, քան Ադրբեջանը, մյուս կողմից ասում են ռազմականացված եք, հիմա ինչպե՞ս հասկանանք, ո՞րն է այն ոսկե միջինը»:
Նախագահը նկատել է, որ Հայաստանն ուղղակի պարտադրված է ունենալ այն նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները:
«2016 թվականի ապրիլն էլ ցույց տվեց, որ մենք մեզ ավելորդություններ թույլ չենք տվել և ավելորդ բաներ չունենք», -նշել է նա: