14/12/2017 23:44
Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ գործոններ. ՀՀ նախագահը՝ 2018-ին վարչապետի պաշտոնի մասին
Ժամանակը դեռ չի եկել, երբ որ կգա կհայտարարեմ, Արմենիա հեռուստաընկերության հետ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչով է զբաղվելու 2018 թվականին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ գործոններ: Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել», - ասել է նախագահը։
Արձագանքելով դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018թ-ին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, նախագահն ասել է. «Շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, և ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որպես մարդ մեզ համար ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ ինձ համար անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել։ Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին»։
Հարցին, թե հոգնածություն չի զգում արդյոք ՀՀ նախագահը, զգո՞ւմ է, որ իր մոտ նոր շնչառություն է բացվել, ինքնազգացողությունը իշխանության ներսում ինչպիսի՞ն է, նախագահ Սարգսյանը պատասխանել է.
«Ինքնազգացողության մասին ես պիտի չասեմ, այլ պիտի ասեն իմ գործընկերները, իմ աշխատողունակության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները, հոգնածության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները։ Ես ինձ նորմալ եմ զգում»։
Նախագահն ասել է, թե պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտավորությունները, որը դու կամովին ես ստանձնել։
«Վերջ ի վերջո որևէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ, և իրոք պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ: Չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ ձևացնում: Ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ»։
Հարցին, թե կշարունակի մնալ քաղաքականության մեջ, նախագահն արձագանքել է՝ տեսնենք։