14/12/2017 23:57
Մի բան կարող եմ ասել՝ սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները, սրանում կարող եք չկասկածել. Սերժ Սարգսյան
«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է 2018-ին խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո ստեղծվելիք իրավիճակին։
Հանրապետական կուսակցությունը, իշխող կուսակցություն է և իրեն է վերապահված նոր խորհրդարանական պայմաններում իշխանություն ձևավորելու հնարավորությունը։ Դուք ունե՞ք արդեն նոր իշխանության գծապատկերը, հնչած հարցին, երկրի ղեկավարը պատասխանել է.
«Իշխանության գծապատկերը Սահմանադրությունն է սահմանել: Եթե նկատի ունենք կոնկրետ պաշտոնատար անձանց, ապա, բնական է, որ ես, իմ գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք։ Մի բան կարող եմ ասել, որ սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները, սրանում կարող եք չկասկածել։ Երբ խոսում եք, որ այս պաշտոնում այս մեկն է լինելու, մյուսում՝ այն մեկը, երևի ճիշտ է, որ խոսում են, մարդիկ իրավունք ունեն կանխատեսումներ անելու, մարդիկ իրավունք ունեն ակնկալելու ինչ-որ բաներ, բայց որևէ տեղ որևէ իշխանություն նախօրոք այդպիսի հայտարարություններ չի անում, և դա ճիշտ է։
Դրանք ընտրություններ չեն, որին մասնակցելու ժամկետները սահմանադրորեն ամրագրված են, կամ օրենքով ամրագրված են, և դու ստիպված ես դա անում, կամ որոշակի կանոններից ելնելով, կամ որոշակի մտահղացումներից ելնելով: Պետական պաշտոններում նշանակելու հարցը նախօրոք հայտարարելը, կարծում եմ, շատ սխալ մոտեցում է»։