14/12/2017 20:40
Մոլդովայում պետական լեզուն պաշտոնապես փոխել են մոլդավերենը ռումիներենով
Մոլդովայի կառավարությունը հավանության է արժանացրել սահմանադրությունում ռումիներենը պետական լեզու ճանաչելու մասին օրինագիծը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։
Ներկայումս, երկրի սահմանադրության մեջ ամրագրված է, որ պետական լեզուն «մոլդովերենն է՝ լատինական գրաֆիկայի հիմքով»։ Համաձայն օրինագծի, հիմնական օրենքի 13-րդ հոդվածում այդ ձեւակերպմանը կփոխարինի «ռումիներենը»։
Ավելի վաղ սահմանադրական դատարանը օրինական է համարել այս փոփոխությունը, քանի որ երկրի անկախության հռչակագրում պետական լեզուն նշված է ռումիներենը։
Ըստ լեզվական հանրագիտարանային բառարանի՝ մոլդովերենը ունի նույն քերականական կառուցվածքը, ինչ ռումիներենը: Նրանց միջև գոյություն ունեն միայն աննշան տարբերություններ՝ գրական նորմերի, հնչյունաբանության (մոլդովերենը ավելի մոտ է ռումիներենի խոսակցական տարբերակին) և բառապաշի (մոլդովերենում առկա են ռուսերենից շատ փոխառություններ) առումներով:
Մի շարք լեզվաբաններ կարծում են, որ մոլդովերենը ռումիներենի բարբառն է: