15/12/2017 18:02
ՀԱԿ-ին ուղղված իմ քննադատությունները 100 տոկոսով իրականություն են դարձել. Նիկոլ Փաշինյան
Փետրվարին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններում «Ելք» խմբակցությունը որոշեց առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը և քանի որ անհրաժեշտ է պատգամավորների մեկ/քառորդի ստորագրությունը որոշվեց դիմել «Ծառուկյան» խմբակցությանը, ստանալ նրանց ստորագրությունները, այդ մասին «Ազատության» ուղիղ եթերում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը հիշել է «Ծառուկյան» խմբակցության հետ համագործակցության վանաձորյան դեպքը, երբ Վանաձորի ավագանու նույն խմբակցությունները միավորվեցին ու դիմեցին Սահմանադրական դատարան:
Հայ Ազգային կոնգրես կուսակցությանը Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու համար իր երբեմնի քննադատությունների մասին հարցերին ի պատասխան, Փաշինյանը ասել է, որ իր քննադատությունները «100 տոկոսով իրականություն են դարձել»:
«Ընդհանրապես շատ քիչ է պատահում քաղաքականության մեջ, որ քննադատությունները 100 տոկոսով իրականություն դառնան: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակ բերեց իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, և ասվում էր, որ մենք՝ որպես ընդդիմադիր ուժ, պետք է ԲՀԿ-ին պոկենք իշխանությունից, որ մեր իշխանափոխությունն իրականացնենք, ես ասում էի, որ ՀԱԿ-ը այդ պահին դոմինանտ ընդդիմադիր ուժ է և այդ քայլին գնալու դեպքում կկորցնի իր դոմինանտությունը ընդդիմադիր դաշտում և դուրս է մղվելու քաղաքական դաշտից, ինչը անթույլատրելի էր իմ կարծիքով: Իմ ասածները դարձան իրականություն», - ասել է Փաշինյանը:
Հարցին, թե չի՞ տեսնում զուգահեռներ այն ժամանակվա ՀԱԿ-ի և իրենց ներկայիս գործունեության միջև, Փաշինյանը բացասական պատասխան է տվել, ասելով. «Մենք որևէ մեկին որևէ տեղից չենք ուզում պոկել: Մենք առաջադրել ենք թեկնածու և առաջարկում ենք պաշտպանել նրան: Ոչ ավել, ոչ պակաս»: