15/12/2017 12:07
Արցախի իշխանությունները պատրաստ են դե-յուրե իրենց վրա վերցնել տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատվության իրենց բաժինը. Մասիս Մայիլյան
Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ բխում է հակամարտության կարգավորման տրամաբանությունից, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
«Լինելով հակամարտության հիմնական և ԵԱՀԿ փաստաթղթերով ճանաչված կողմերից մեկը՝ Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում։ Հիշեցնեմ, որ կարգավորման գործընթացում հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակահատվածում, երբ Արցախը անմիջականորեն ներգրավված էր բանակցություններին։ Մասնավորապես, 1994 թվականին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը մնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միակ շոշափելի ձեռքբերումը։ Նշված փաստաթղթին նախորդել են ԼՂՀ և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված շուրջ 10 երկկողմ համաձայնագրեր՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման վերաբերյալ», - ասել է ԱՀ արտգործնախարարը։
Նա նշել է, որ Արցախի մասնակցությամբ բանակցություններից Ադրբեջանի հրաժարումը կարգավորման գործընթացի տապալմանն ուղղված Բաքվի քաղաքականության բաղադրիչներից մեկն է։
Մ. Մայիլյանի խոսքով՝ եռակողմ բանակցությունների վերականգնումը կցուցադրի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հարցում ադրբեջանական ղեկավարության քաղաքական կամքը և անկեղծ շահագրգռվածությունը։
«Արցախյան պատվիրակության վերադարձը բանակցային սեղանի շուրջ ոչ միայն կվերականգնի երկխոսության խաթարված ձևաչափը, այլև կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Բանակցությունների բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցությունը կարևոր է հակամարտող կողմերի՝ խաղաղ գործընթացի արդյունքների համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիարժեք մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե իրենց վրա վերցնել տարածաշրջանային խաղաղության և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատվության իրենց բաժինը»,-ընդգծել է Արցախի արտգործնախարարը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։