15/12/2017 15:24
Էռնեկյանի ընկերությունը սեփականաշնորհում է «կարաս» անվանումը. Հայաստանի գինեգործները պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել (Տեսանյութ)
Հայաստանում գործունեություն ծավալող գինեգործներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկել էին կարասով: Առիթը՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի կողմից «կարաս» անվանումը սեփականացնելն ու այդ առիթով վարչական դատարան ներկայացված հայցն է:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ նախորդ տարի «Կարաս» ապրանքանիշով հայտնի «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն վարչական դատարան հայց էր ներկայացրել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության դեմ: Եվ այդ գործում որպես երրորդ կողմ ներգրավվել է «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ն, որն էլ իր հերթին հայտնի է «Զորահ կարասի» ապրանքանիշով:
Էռնեկյանի ընկերությունը պահանջել էր վերացնել պետական գործակալության՝ «Զ KARASi ZORAH» ապրանքային նշանը գրանցելու մասին դեռևս 2012 թվականին ընդունված որոշումը և այդ ապրանքանիշի գրանցումն անվավեր ճանաչել: Դատական երկար քաշքշուկներից հետո սկզբում Վարչական դատարանը մերժել էր հայցը ընդունել վարույթ, բայց Էռնեկյանի ընկերության կողմից բողոքարկումից հետո Վերաքննիչ դատարանը բավարարել էր բողոքը, ոը գործը կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան:
Այսօր տեղի ունեցած դատական նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունը դատարանին միջնորդել է հետաձգել նիստը և ժամանակ խնդրել պատրաստվելու համար: Դատարանը բավարարել է, իսկ գործով երրորդ կողմ ներգրավված «Զորահ կարասի» ապրանքանիշով հայտնի «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ի հիմնադիր Զորիկ Ղարիբյանը, որը նույնպես սփյուռքահայ է, շտապել էր լրագրողների հետ հանդիպման:
Բայց սա դեռ ամենը չէ. բացի «Զորահ կարասի» գինու հիմնադիրից, դատարանում է հայտնվել նաև «Ոսկեվազի գինու գործարան»-ը՝ դարձյալ՝ որպես երրորդ կողմ:
«15 տարի է եկել եմ Հայաստան ու բնիկ սորտերով հնեցնում եմ իմ գինին: Փորձարկումներ, հետազոտումներ եմ արել, որ կարողանամ իմ գինին ավանդական կարասի մեջ հնեցնեմ և աշխարհին ներկայացնեմ Հայաստանում արտադրված գինին: 15 տարի հետո պարզվում է, որ մենք Հայաստանում չենք կարող կարասի մեջ հնեցված գինու պիտակի վրա նշենք, որ այս գինին կարասների մեջ է հնեցված: Ու հիմա ես դատարանում եմ: «Կարաս» գինու գործարանը ցանկանում է մոնոպոլացնել Հայաստանում կարաս անվանումը՝ խոչընդոտելով ինձ ու իմ մյուս գործընկեր գինեգործներին», - այսօր հայտարարեց Զորիկ Ղարիբյանը:
Նա շտապեց նկատել, որ Էռնեկյանի նկատմամբ որևէ անձնական բան չունի, սակայն Ղարիբյանի խոսքով, դատական այս քաշքշուկը կարող է ազդել հայկական գինու միջազգային հեղինակության վրա: Ավելին, ըստ սփյուռքահայ գործարարի, Էռնեկյանի ընկերության արտադրած գինին հայկական չէ և կարասներում չի հնեցվում, թեպետ անունը կարաս է:
Ղարիբյանն ասաց նաև, որ եթե մի փոքր կասկած ունենար, որ ինքը սխալ է, դատարան չէր մտնի. «100-ից 100 իմ աշխատանքս ճիշտ է, պահանջս ճիշտ է: Հուսով եմ՝ Հայաստանի դատարանները ճիշտ որոշում կկայացնեն և հարցը կփակվի Հայաստանում: Բայց արդեն Միլանում, Դուբլինում և Լոնդոնում իրավաբանները պատրաստ են հարցը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բայց դրսում հարցը լուծելով Հայաստանի հեղինակությունն եմ վնասելու, մեր գինեգործների հեղինակությունն եմ վնասելու»:
Ասուլիսին ներկա «Ոսկեվազի գինու գործարան»-ի տնօրեն Լևոն Նուրազյանը, իր հերթին, ասաց, որ «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը իրենց ևս ցանկանում է զրկել ապրանքային նշանից՝ դիմելով դատարան:
«Հայցը դեռ վարույթ չի ընդունվել: Բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ «կարաս» անունը պետք է ազատականացվի, որպեսզի բոլոր գինեգործներն էլ կարողանան հավասարաչափ օգտագործեն այդ անունը: Բացի այդ, այդպիսով կարողանանք արտասահմանում հանդես գալ մեր հնամյա կարասներով, քանի որ եվրոպական շուկաներում այդպես հանդես գալը մեր գործիքն է: Ու հիմա ուզում են զրկել մեզ այդ գործիքից», - նշեց Լ.Նուրազյանը:
«Վան Սևան» ՍՊԸ հիմնադիր Ալինա Մկրտչյանը, որը նույնպես ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը, ասաց, որ Հայաստանը կարասների մեջ գինի հնեցնելու 6100-ամյա պատմություն ունի և այժմ փորձում են զրկել մեզ այդ գործիքից: «Եթե այդ գործիքը մենք չօգտագործենք դժվար կլինի հայկական գինին միջազգային ասպարեզում ներկայացնել: Իրավաբանորեն շատ սխալ է, որ մեկ ընկերություն ներկայացնի այդ անվանումը», - ասաց Ա.Մկրտչյանը:
Նրա խոսքով, օրենսդրության համաձայն, պետք է սպառողին տեղեկացնել, որ արտադրված գինին պատրաստվել է կարասում: «Եթե կարասում է հնեցվում գինին, ապա ի՞նչ պետք է տեղեկացնել սպառողին, չգրե՞լ այդ մասին», - նկատեց «Վան Սևան»-ի հիմնադիրը:
Հանդիպմանը ներկա գինեգործները տեղեկացրին, որ պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել «Տիեռաս դե Արմենիա» ընկերության դեմ:
«Չի կարելի տեխնոլոգիան վերցնել սեփականաշնորհել: Իսկ կարասում գինի հնեցնելը տեխնոլոգիա է, կարասի գինին պատկանում է մեր ժողովրդին: Չի կարելի տեխնոլոգիան արտոնագրել, տեխնոլոգիան արտոնագրում են միայն այն դեպքում, երբ դրանում ունենում են իրենց հեղինակային իրավունքը, որից չեն օգտվում մյուսները: Այս դեպքում այդ տեխնոլոգիան օգտագործում ենք բոլորս և որևէ մեկը չպետք է մեզ խոչընդոտի այդ գործում», - ասաց «Գևորգյան գինու գործարան»-ի հիմնադիր Վահագն Գևորգյանը: