15/12/2017 12:51
Թրամփը և Պուտինը քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցեր
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Նախագահները… քննարկել են համատեղ աշխատանքը Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված խիստ վտանգավոր իրադրության կարգավորման շուրջ», - ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ:
Նա նաև հայտնել է, որ Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին տնտեսական զարգացման բնագավառում ԱՄՆ-ի հաջողություններն ընդունելու համար, ինչի մասին Ռուսաստանի ղեկավարը խոսել է նախօրեին կայացած մեծ մամուլի ասուլիսում:
Ինչպես ուրբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, նաև իրադրությունը ճգնաժամային կետերում՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման շեշտադրմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները: