15/12/2017 11:04
Թափանցիկության մեջ մեզ բացակայում է հետևողականությունը. Թևան Պողոսյան
Խորհրդարանը նոր Սահմանադրությամբ ունի բոլոր գործիքները՝ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, Ազգային ժողովում մեկնարկած «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։
«Խորհրդարանը պետք է լինի հակակշիռ գործադիրի թափանցիկ աշխատանքները ապահովելու համար։ Թափանցիկության մեջ մեզ բացակայում է հետևողականությունը։ Երբ ինչ-որ բանով այսօր կամ երեկ զբաղվել ենք, չի նշանակում, որ պիտի վաղը մոռանանք այդ մասին, քանի որ նոր խնդիր է ծագել, իսկ մենք այդ պրոբլեմն ունենք, մոռանում ենք, որ եթե ինչ-որ բանի շուրջ հետևողական չաշխատենք, այդ խնդիրը վաղ թե շուտ նորից կկրկնվի», - նկատեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ պետական պաշտոնյաները պետք է հրապարակայնացնեն, բացատրեն ու հիմանվորեն իրենց գործողությունները՝ լիարժեք թափանցիկության համար։ Ըստ Թևան Պողոսյանի՝ վերը նշվածներից ամենադժվարը հիմնավորումների մասն է։
«Հրապարակայնությունը հաշվետվության հրապարակման տեսքով լինում է, բացատրություններ մեկ-մեկ անում են, երբ նեղն են ընկնում, իսկ հիմնավորումներն ամենաթույլ, խոցելի տեղն է, որովհետև շատ ժամանակ չեն հիմնավորվում, թե ինչու ընդունվեց ինչ-որ բան», - նշեց նա։
Թևան Պողոսյանն ընդգծեց, որ ցանկության դեպքում խորհրդարանը կարող է հիմք դնել այս մշակույթին ու բարձր մակարդակի վերահսկողություն կկարողանա իրականացնել։