15/12/2017 12:43
Երևանում մարդիկ սկսել են ամենաշատը վարսակ ուտել. Հետազոտություն (Տեսանյութ)
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ Երևանում մարդիկ առավել շատ վարսակ են օգտագործում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
Սննդամթերքի սպառման ուսումնասիրությունները, փորձագետի խոսքով, ցույց են տվել, որ Երևանում սննդամթերքը սպառման առանձնահատկություն ունի և դա թռիչքային սպառումն է: Այսինքն՝ ամռանը շատ սպառվում է պտուղ-բանջարեղենը, իսկ ձմռան ամիսներին՝ հատիկավորները՝ բրինձ, հնդկաձավար և այլն:
«Նման անհամաչափ բաշխումը պայմանավորված է գնով: Օրինակ՝ ձմռան ամիսներին լոլիկի արժեքը 1500 դրամ է, ամռանը՝ 150-200 դրամ: Ամռան ամիսներին Երևանում շատ օգտագործում են լոլիկ, ձմերուկ, սեխ, տաքդեղ, սմբուկ, կանաչեղեն ու մրգեր: Բայց դրան հակառակ ձմեռային ամիսների ընթացքում նվազում է թարմ պտուղ-բանջարեղենի սպառումը և ավելանում հատիկեղենի սպառումը, քանի որ ամենաէժան սննդի աղբյուր են», - ներկայացրեց փորձագետը:
Այսպես, կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Երևանում մարդիկ ամենաշատը օգտագործում են վարսակ: «Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ կան, ովքեր ստամոքսի խնդիրներ ունեն, նա7 սպորտով զբաղվողներ կան, և Երևան քաղաքում ամեն տարի ավելանում է վարսակի սպառումը», - բացատրեց մասնագետը:
Ըստ նույն հետազոտության արդյունքների, մարդկանց 25 տոկոսը ուտում է վարսակ, 18 տոկոսը՝ սպիտակաձավար, այնուհետև՝ բրինձ՝ 9 տոկոս, 8 տոկոսը՝ հնդկաձավար:
Հետազոտության մասին մանրամասն՝ տեսանյութում: