15/12/2017 17:17
ՄԱԿ-ը ցնցված է Իրաքում իրականացված զանգվածային մահապատիժներից
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը ցնցված է Իրաքում իրականացված զանգվածային մահապատիժներից և կոչ է անում Բաղդադին մորատորիում հայտարարել մահապատժի իրականացման նկատմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչության մամուլի խոսնակ Էլիզաբեթ Տրոսելը, հայտնում է РИА Новости-ն:
Նախօրեին Իրաքի արդարադատության նախարարությունը հայտնել էր ահաբեկչության համար դատապարտված 38 կալանավորի նկատմամբ մահապատժի իրականացման մասին: Գերատեսչության փոխանցմամբ՝ մահապատիժները իրականացվել է հանրապետության ղեկավարության կողմից դատավճիռների հաստատումից հետո:
«Մենք խորապես ցնցված ենք Իրաքում դեկտեմբերի 14-ին իրականացված 38 մարդու զանգվածային մահապատժից: Մահապատժի կիրառումը երկրում մեծագույն մտահոգություն է առաջացնում», - ասել է Տրոսելը:
Նա հիշեցրել է, որ 38 կալանավոր դատապարտվել է մահապատժի ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար: Տրոսելի խոսքով՝ այս տարի ՄԱԿ-ի ներկայացուցիչները տեղեկացել են Իրաքում իրականացված 106 մահապատժի դեպքի մասին, այդ թվում նաև՝ 42 բանտարկյալի կախաղանի միջոցով մահապատժի:
«Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Իրաքի իշխանություններին դադարեցնել բոլոր մահապատիժները, անմիջապես մորատորիում հայտարարել մահապատժի իրականացման նկատմամբ, ինչպես նաև հրատապ և համապարփակ կերպով վերանայել քրեական արդարադատության համակարգը», - նշել է Տրոսելը: