15/12/2017 20:22
Մեքքայում և Մեդինայում արգելել են լուսա- և տեսանկարահանումները
Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Մեքքայի և Մեդինայի սրբավայրերում լուսա- և տեսանկարահանումները, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Daily Sabah-ին:
Արգելքն առաջին հերթին վերաբերում է Մեքքայի ալ Հարամ մզկիթին եւ Մեդինայի Մարգարեի մզկիթին և դրանց հարող տարածքներին: Նկարահանումներն արգելված են անկախ դրանց նպատակից, այդ թվում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Սաուդյան իշխանությունները նման միջոցառումներն արդարացնում են հավատացյալների զգացմունքների հանդեպ հարգանքով, ինչպես նաև «սրբավայրերի պահպանվածությամբ»:
«Արգելքը խախտելու դեպքում սարքերը կառգրավվեն», - հայտարարել են երկրի Մամուլի գլխավոր դեպարտամենտից:
Այցելությունների կազմակերպիչները պարտավոր են նորամուծության մասին ուխտավորներին նախազգուշացնել:
Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները հունիսին բացահայտել էին Մեքքայում պատրաստվող ահաբեկչությունը: Ահաբեկիչների թիրախը պետք է լիներ ալ Հարամ մզկիթը: Ահաբեկչությունը պատրաստում էին 3 խումբ գրոհայիններ: Նրանց վնասազերծելու գործողության ընթացքում ահաբեկիչներից մեկն ինքնապայթեցում էր կատարել: Պաշտոնական տեղեկություններով՝ ոչ մի մարդ չէր զոհվել, սակայն 5 հատուկջոկատային վիրավորվել էին: