15/12/2017 13:28
Դիվերսիոն գործողությունների բացառման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը բխում է հնարավորությունների նկատմամբ վստահությունից. Միհրան Հակոբյան
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ապագայում հակառակորդի դիվերսիոն և այլ գործողությունները կբացառվեն, բխում է ոչ թե հակառակորդի, այլ հայկական կողմի հնարավորությունների նկատմամբ վստահությունից, լրագրողների հետ զրույցում Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը։
«Նախագահը օրերս նոր զինատեսակների ցուցադրություն էր այցելել և նախագահի մոտ կա այդ համոզմունքը։ Երևի թե մենք բոլորս էլ կհամոզվենք, որ մոտ ապագայում մեր սահմանն ունենալու է այնպիսի տեխնիկական հագեցվածություն, որը թույլ կտա խորքային դիտարկումներ անցկացնել, որպեսզի հնարավոր չլինի դիվերսիոն խմբերի աննկատ մոտեցում։ Սա կարևոր խնդիր կլուծի, որովհետև եթե 1-2 կմ հեռավորությունն ամբողջությամբ քո դիտակետում լինի, հակառակորդը չի կարող աննկատ մոտենալ, իսկ եթե փորձի, ապա կվնասազերծվի», - նշեց պատգամավորը։
Ճշտող հարցին, թե նախագահի հայտարարությունը, որ բանակցությունները կրակոց չեն սիրում, արդյոք նշանակում է, որ առաջիկայում նախատեսվում են բանակցություններ, Միհրան Հակոբյանը նշեց, որ բանակցությունների մասին խոսելը դժվար է, մինչդեռ պարզ ճշմարտություն է, որ կողմերը կամ բանակցում են, կամ պատերազմում։
«Սա դարերից եկող ճշմարտություն է ու ապացուցվելու կարիք չունի։ Գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է, որովհետև վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի մարտավարությունը եղել է ապակայունացնել սահմանային իրավիճակը, տանել կոնֆլիկտի սրացման, որի հետևանքով ինքը կարողանա բանակցային սեղանի շուրջ ավելի հարմար դիրքեր գրավել։ Դա, փաստորեն, չի հաջողվել Ադրբեջանին ու հիմա Ադրբեջանը պետք է որոշի շարունակում է իր համար ոչինչ չտվող մարտավարությունը, թե փորձում բանակցությունների սեղանին նստել ու առարկայական բանակցել, ինչին հայկական կողմը միշտ է պատրաստ եղել», - նշեց նա։