15/12/2017 14:13
Խորհրդարանական կառավարմանն անցում կատարելով՝ մոդային տուրք չի տրվել. Ռուստամ Մախմուդյան
ՀՀ սահմանադրական կարգերի փոփոխությունները՝ նախագահականից կիսանախագահականի, ապա՝ խորհրդարանականի ինքնանպատակ չի եղել, ոչ էլ դրանով մոդային է տուրք տրվել, Ազգային ժողովում անցկացվող «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ կառավարման ոլորտի թափանցիկությանն ուղղված քայլերը մասմաբ արտացոլված են հանրային իրազեկման հայեցակարգում:
«Հայեցակարգով սահմանված է նաև, որ բանակաշինության և զինված ուժերում առկա վիճակի մասին հասարակական տեղեկացվածությունը բավարար հիմք կդառնա` զինվորական կարգապահության ապահովման պատրվակով անհատի իրավունքների խախտումը բացառելու համար: Սրան օգնության կգա խորհրդարանը՝ իր համապատասխան մշտական հանձնաժողովի միջոցով», - բացատրեց նա:
Խոսելով ոլորտի ձեռքբերումներից՝ Մախմուդյանն անդրադարձավ զորակոչի աշխատանքների կարգավորմանը, ինչը երկար ժամանակ դժգոհությունների պատճառ էր դառնում:
«Զինված ուժերում այնպիսի համապետական գործընթացի, ինչպիսին զորակոչն է աշխատանքներին հետևելը և անմիջական կերպով մասնակցելն է, մեր հասարակության ամենամտահոգող հանգամանքներից մեկն է: Այս ուղղությամբ հաջողվել է տարեցտարի հասնել այն նպատակին, որ առնվազն մինիմալիզացվել են այն դժգոհությունների չափը, որ տեղի էին ունենում զինակոչի ժամանակ», - նկատեց նա՝ հույս հայտնելով, որ ճիշտ աշխատելու դեպքում կհաջողվի հասնել հաջողության նաև ԶՈւ-երում խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացման հարցում։