15/12/2017 00:15
Այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում՝ սոցիալապես անապահով խա՞վը, ակնհայտ է` չէ. Սերժ Սարգսյան
Բուհերում սովորելու են նրանք, ովքեր իրոք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ և ոչ թե նրանք, ովքեր բուհերն օգտագործում են բանակից խուսափելու համար, այսօր «Արմենիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանն` անդրադառնալով «Զինապարտության ու զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքին, մասնավորապես` դրանում ակադեմիական տարկետման վերաբերյալ դրույթներին.
«Ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ մի հանճարեղ զորակոչիկ, անպայման այդ հանճարեղ զորակոչիկին մենք տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա, կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պետք է լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին, որովհետև մտածողներ, ցանկացողներ որպես այդպիսին շատ-շատերն են, և ասել, գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ, դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ սովորողներին ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ:
«Իհարկե, ընդդիմադիրները, ովքեր չեն ցանկանում, որ այդպես լինի, ներկայացնում են, որ իբև վերացվում է տարկետման իրավունքը. չի՛ վերացվում տարկետման իրավունքը: Մյուս կողմից՝ մշտապես խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում, իսկ հարց է առաջանում, առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում՝ սոցիալապես անապահով խա՞վը, ակնհայտ է չէ, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագուն ուսումնական հաստատություններում: Հիմա դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, սա ազդելու է նաև կրթության համակարգի վրա, բուհական համակարգի վրա, բարձրանալու է բուհական համակարգի որակը», - ասել է ՀՀ նախագահը: