15/12/2017 00:23
Մոտեցումը եղել և մնում է անհատական. Սերժ Սարգսյանը՝ կառավարությունից հեռացածների հնարավոր վերադարձի մասին
«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է կառավարությունում երբևէ աշխատած պաշտոնյաների ու նրանց հնարավոր վերադարձի մասին։
Մանսավորապես, հարցին, թե ինչպե՞ս է նախագահը վերաբերվում հեռացած պաշտոնյաներին, կարծո՞ւմ է, որ նրանք հեռացել են, և այսպես ասած նրանց ժամանակը անցել է, պետք չէ, որ վերադառնան, թե՞, այնուամենայնիվ, նորից կարող են վերադառնալ՝ երկրորդ կամ երրորդ անգամ շանս տալ, Հայաստանի նախագահը պատասխանել է.
«Ես շատ խորը հարգանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան, տրամաբանությունը հետևյալն է՝ նախ ցանկացած կառույց, այդ թվում նաև պետական կառույցները պետք է թարմացվեն, լճացումը անթույլատրելի է։
Երկրորդ՝ մենք այդ թարմացումը պետք է զուգակցենք փորձի հետ։ Լավ գաղափարները միշտ փայլուն հնարավորություններ են, ես շատ հարգանքով եմ վերաբերվում լավ գաղափարներին, նորարարություններին, բայց նորարարությունները չպիտի լինեն այնպիսիք, որպեսզի հետագայում խոշոր պրոբլեմներ հարուցեն։ Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա հետևյալն է՝ այստեղ ամեն դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում։
Ես կարող եմ բերել օրինակներ և հավերժ գնացածի, և ետ վերադարձածի, ուղղակի չգիտեմ հարմար է, թե չէ։
Օրինակ, ես իմ մասով կարող եմ ասել. նախագահի աշխատակազմը ղեկավարում է Արմեն Գևորգյանը, ով տևական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ պահ գնաց այլ աշխատանքի, բայց նորից ետ վերադարձավ ու հիմա փայլուն աշխատում է։ Այնպես որ մոտեցումը եղել է և մնում է անհատական»։