15/12/2017 10:29
Ավելի լավ է այդ ընտանիքը մահանա, քան ես հնարավորություն ընձեռեմ, որ յուրաքանչյուրը գա ինձ խելք խրատի. Վարդան Բոստանջյան
Այն օրը, երբ ինչ-որ մեկը մտնի իմ տուն՝ իբր թե կարգավորելու մեր հարաբերությունները, այդ օրն արդեն իմ ընտանիքը գոյություն չի ունենա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նախագծի մասին:
«Ավելի լավ է այդ ընտանիքը մահանա, քան ես հնարավորություն ընձեռեմ, որ յուրաքանչյուրը, ով դրա իրավասությունը ունի, գա ինձ խելք խրատի», - ասաց պատգամավորը:
Ըստ Բոստանջյանի՝ հայ հասարակության մեջ այս օրենքը չի կարող ընկալվել, քանի որ մարդիկ չեն կարողանա դրա հետ համակերպվել. «Օրենքը կարժանանա համապատասխան դատապարտման»:
Բոստանջյանն ընդգծեց, որ հայ ընտանիքներում արժեքները բավականին ամուր են ու պինդ, ու կարիք չկա, որպեսզի ամեն ծագած վեճի ժամանակ որևէ մեկը միջամտի:
«Նման օրենքը, գոնե իմ սուբյեկտիվ համոզմունքների տեսանկյունից, ընկալելի չէ: Ես հասկանում եմ, որ արդեն իսկ վատ է, երբ ընտանիքում հարաբերությունները վատ են, բայց սա օրենքով չի կարգավորվում: Սրանք նուրբ հոգեբանական երևույթներ են, որոնք եթե պետք լինի օրենքով կարգավորել, մենք բազմաթիվ նման օրենքներ ունենք՝ քրեական օրենսգիրք, երեխաների, կանաց պաշտպանության օրենքներ և այլն», - ընդգծեց Բոստանջյանը:
Դիտարկմանը, թե նախագծի հեղինակները պնդում են, որ օրենքն ավելի շատ միտված է բռնությունների կանխարգելմանը և նպատակ չունի ընտանիք ներխուժել, ու արդյոք պատգամավորը դեռ այն համոզմունքին է, որ օրենքը դրսից պարտադրված է, Բոստանջյանը նկատեց.
«Ես դավադրությունների տեսությունից չեմ խոսում, երբ ասում եմ, որ կարող ա պատահի մեզ այս օրենքը պարտադրել են: Ասում եմ, օրինակ, Սկանդինավյան երկրներում և Գերմանիայում բազմաթիվ ծնողների մեկ ամսով դատապարտել են, որ խելքը գլուխները հավաքեն, այն էլ այն բանի համար, որ նրանց երեխաներին մանկապարտեզում սովորեցրել են, թե նրանք առայժմ սեռ չունեն, կհասնեն որոշակի տարիքի ու կորոշեն տղամարդ են ուզում մնալ, թե կին, իսկ ծնողները բացատրել են, որ նրանք սեռ ունեն: Սա ընտանեկան բռնություն է դիտարկվել: Մեր օրենքում էդ բանը ցցուն գրված չի, բայց վաղն էլ փոփոխություն կանեն, էդ կգրեն»:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունել էր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ու կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Նախագծին կողմ էր քվեարկել 75 պատգամավոր, դեմ էր 12 պատգամավոր, ձեռնպահ՝ 8-ը: Դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորները «Ծառուկյան» խմբակցության անդամներն էին, որոնք տարակարծիք էին օրենքի անհրաժեշտության վերաբերյալ ու թողնված էին ազատ քվեարկության: