15/12/2017 11:24
ԶՈւ նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար խորհրդարանը պետք է օժտվի հետաքննական մեխանիզմներով. Ֆիլիպ Ֆլուրի
Մենք ուզում ենք, որ պատգամավորները և խորհրդարանը իրականացնեն զինուժի վերահսկողություն, Ազգային ժողովում «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով միջազգային սեմինարի ժամանակ ասաց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին։
«Դրա համար անհրաժեշտ է խորհրդարանին ընձեռնել այնպիսի լիազորություններ, որոնք անհրաժեշտ են այդ վերահսկողութունն իրականացնելու համար: Վերահսկող չի նշանակում, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարը պետք է միկրոմենեջենթով զբաղվի։ Սա համագործակցային գործընթաց է, ինչի համար տարբեր գործիքներ են անհրաժեշտ», - ընդգծեց Ֆլուրին։
Ըստ բանախոսի՝ նման վերահսկողություն իրականացնելու համար խորհրդարանին անհրաժեշտ են որոշակի լիազորություններ։
«Որպեսզի գործընթացը թափանցիկ լինի, մեզ անհրաժեշտ է այս հարցին նվիրված խորհրդարանական հանձնաժողովներ, որոնք էլ պետք է համապատասխան անձնակազմ ունենան։ Հնարավոր չէ օրենքով սահմանել, թե այսօրվանից ունենալու ենք ժողովրդավարական խորհրդարանական վերահսկողություն ԶՈւ նկատմամբ, այլ պետք է խորհրդարանն օժտվի հետաքննական մեխանիզմներով, ապահովվի համապատասխան աշխատակազմ, ներդրումներ արվեն պատգամավորների համար, որպեսզի նրանք կարողանան օգտվել այդ լիազորություններից», - նշեց նա։
Ֆլուրին ընդգծեց, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ քննարկվել են մի շարք ասպեկտներ և Ժնևի կենտրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել խորհրդարանի վերահսկողության դերի բարձրացման հարցում։
«Հանձնաժողովի նախագահի հետ մի շարք ասպեկտներ ենք դիտարկել, որով Ժնևի կենտրոնը աջակցություն կբերի և նոր փուլ մեկնարկի, խորհրդարանը լրացուցիչ լիազորություններ ձեռք կբերի։ Պետք է Զինուժում ուշադրույթյուն դարձնենք մարդու իրավունքի դրույթներին: Եթե դա էլ արվի, ապա ընտրազանգվածն արդեն համոզիչ կհամարի խորհրդարանական վերահսկողությունը», - հավելեց նա։