15/12/2017 00:30
Նախագահը կատեգորիկ դեմ է, որ պետական բարձր պաշտոններ ստանալու ժամանակ բանակում ծառայելը լինի պարտադիր
Չպետք է փորձենք սահմանափակել ուրիշների իրավունքը, այլ պետք է խրախուսենք այն մարդկանց, ովքեր հավելյալ ջանք են ներդրել հայրենիքի պաշտպանության գործում, այսօր «Արմենիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծելով` կատեգորիկ դեմ է, որ պետական բարձր պաշտոններ ստանալու ժամանակ բանակում ծառայելը լինի պարտադիր:
«Ես կատեգորիկ դրան դեմ եմ երկու պատճառով. նախ, նրանք, ովքեր բանակում չեն ծառայել և չեն ծառայել օրենքի շրջանակներում, ապա նրանք ինչո՞վ են մեղավոր, ո՞րն է նրանց մեղքը, եթե ասում ենք մենք օրենքի երկիր ենք ուզում դառնալ, եթե խոսում ենք օրենքի գերակայության մասին, ապա մարդու մոտ հարց կառաջա չէ՞, դուք ինձ հնարավորություն եք տվել օգտվելու, ես օգտվել եմ այդ հնարավորությունից, ինչու՞ եք հիմա սահմանափակում իմ իրավունքները», - ասել է Սերժ Սարգսյանը` շարունակելով.
«Երկրորդ՝ բոլոր հասարակություններում էլ, այդ թվում մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր չեն ծառայում՝ ելնելով առողջական վիճակից կամ ընտանեկան դրությունից: Իսկ ո՞վ է ասել, որ, օրինակ, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, նույնիսկ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող պետական ապարատում լավ ծառայել»: