15/12/2017 00:44
Կարող էինք ունենալ ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց՝ սոցիալական խիստ լարվածություն. Նախագահը` Հյուսիս-հարավի մասին
Հյուսիս-հարավ մայրուղին Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է և այս առումով պետք է գիտակցված մոտեցում ունենանք խնդրին, այսօր «Արմենիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, որ մայրուղու կառուցումը ծրագրի մեկնարկից մինչ այսօր մոտ երկու անգամ թանկացել է, նախագահը նշել է` էսքիզը նախագծի վերածելիս բազմաթիվ խնդիրներ են առաջանում.
«Պետք է ասել հետևյալը, որ գնահատականը, որը եղավ, եթե չեմ սխալվում 2009, թե 2010 թվականին, դա ճապոնական մի ընկերության գնահատական էր, որը ընդհանրական էր, և այն հիմնված չէր տեխնիկական հաշվարկների վրա: Երբ կոնկրետ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կապված ապարից, չգիտեմ` ուզու՞մ եք թունել կառուցել, թե՞ ուզում եք ոլորաններով գնալ, ուզու՞մ եք կամուրջներ կառուցել, թե՞ նորից շրջանցիկ ճանապարհ և այլն, դրա համար նախնական գնահատականը երբեք չի կարող հիմք լինել»,- ասաց Սերժ Սարգսյանն` ընդգծելով, որ այդ նախնական գնահատականում հաշվի առնված չէին սեփականաշնորհված հողերն ու բնակչության տեղափոխման ծախսերը։
«Սրանք հսկայական ծախսեր են։ Որևէ մեկը կցանկանա՞, որպեսզի քիչ գումար ծախսելու պատճառով, մենք մարդկանց ասենք ստեղից գնացեք, մենք էստեղով ճանապարհ ենք կառուցում, դա մեր մոտեցումը չի, հատկապես, որ նաև Ասիական բանկը պահանջում է, որ այդ ձեռքբերումները կատարենք շուկայական գներով, մի բան էլ դրանից բարձր՝ 10 տոկոս էլ դրանից բարձր։ Այսինքն՝ այս բոլոր կանոններով ենք մենք աշխատում»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ծրագրի ձգձգման հաջորդ պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր.
«Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել , պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլիներ: Մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ, ես կարծում եմ` ճիշտն էդպես էր: Մենք կարող էինք ունենալ, չգիտեմ, ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց դրանք ենթական են որոշակի փոփոխությունների` ելնելով կոնկրետ երկրի շահերից»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: