15/12/2017 19:34
Հայաստանից բացի պալիատիվ բուժօգնության կենտրոն կբացվի նաև Արցախում
Հայաստանում պալիատիվ բժշկության ծառայությունը նախատեսվում է ներդնել առողջության առաջնային պահպանման օղակում, այդ մասին Արցախ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Ամոքիչ (պալիատիվ) խնամքը բժշկության մարդասիրական և կարևոր ուղղություն է վերջնական չբուժվող պացիենտների կյանքի երկարացված վերջին հատվածը հնարավորինս անցավ և հարմարավետ դարձնելու գործում։ Հիվանդները մի կողմից ստանում են կյանքը երկարացնելու հնարավորություն, մյուս կողմից՝ համակողմանի աջակցություն։ Դրանում նախատեսում է ինչպես ցավազրկում, այնպես էլ՝ հոգեկան աջակցություն։ Ինչպես հայտնի է, այդ հիվանդները, գտնվելով ծանր վիճակում, հիմնականում խոսելով իրենց հիվանդության մասին՝ ավելի են դժվարացնում սեփական կյանքը», - ԱՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, նշել է պաշտոնյան։
Սկզբնական շրջանում ծառայությունը կմատուցվի վճարովի հիմունքներով, քանի որ պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն։
«2018 թվականին Հայաստանում կկազմակերպվեն առաջին 10-15 կենտրոնները, իսկ 1-ը՝ Արցախում։ Վերջինս թույլ կտա Արցախում բարձրացնելու ուռուցքային և բազմակի վնասվածքներով հիվանդների կյանքի որակը», - ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր այս հարցին և տեղեկացրել, որ պալիատիվ բուժօգնության դեպքում հիվանդը կարող է մնալ տանը, բժիշկների խումբը կարող է գալ և առաջնային բուժօգնությունը տրամադրել հենց տանը: