16/12/2017 12:55
Facebook-ն ընդունել է, որ սոցցանցը վնասակար է
Facebook-ի հետազոտողերը խոստովանել են, որ սոցիալական ցանցում նորություններին հետևելը կարող է վնասակար լինել մարդու համար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության բլոգին։
«Դժվար հարց. կարող է արդյոք սոցցանցում անցկացված ժամանակը վնաս պատճառել» վերնագրով հոդվածում Facebook-ի հետազոտողներ Դևիդ Գինզբերգն ու Մոյրա Բուրքեն եկել են այն եզրակացության, որ լրահոսի պասիվ դիտումը կարող է անբարենպաստ լինել մարդկանց հոգեկան առողջության համար։
«Մի խոսքով, երբ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում տեղեկատվության պասիվ ընկալման վրա․․․ հետագայում նրանց ինքնազգացողությունը վատանում է», - ասվում է հոդվածում։
Որպես օրինակ ներկայացվում է այն փորձը, որը իրականացվել է Միչիգանյան համալսարանի ուսանողների շրջանում։ Ոմանց խնդրել են տասը րոպե կարդալ լրահոսը, մյուսներին՝ գրառումներ հրապարակել ու ընկերներին գրել։ Առաջին խմբի ուսանողների տրամադրւթյունն օրվա վերջում ավելի վատ էր, քան երկրորդ խմբինը։
Facebook-ի հետազոտողները ենթադրում են, որ «այլ մարդկանց մասին անընդհատ նորություններ կարդալը կարող է բացասական սոցիալական համեմատությունների պատճառ դառնալ»։
Այդուհանդերձ, ընկերությունը օգտատերերին կոչ է անում Facebook-ում ավելի շատ ժամանակ անցկացնել՝ օրինակ հին ընկերների հետ շփվել, զրուցել փոքր խմբերի շրջանակում կամ էլ ընկերների հետ կոնտենտ փոխանակել՝ ըստ հետազոտողների դա կարող է օգտատերերին երջանկացնել։