16/12/2017 14:25
ԱՄՆ-ն Լիբանանին կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակներ
Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը խոստացել է Լիբանանին վերադարձնել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ քանդակները, որոնք գողացվել են այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ, ասվում է դատախազի գրասենյակի մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է РИА Новости-ն:
«Իմ գրասենյակի՝ հնագույն իրերի առևտրի դեմ պայքարի նոր ստորաբաժանումն իր վրա է վերցնում ամբողջ աշխարհում պատմական վայրերից գողացված իրերի առևտուրը դադարեցնելու պարտավորությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում այլ երկրների կառավարություններում և իրավապահ մարմիններում մեր գործընկերներին, ինչպես նաև՝ Ազգային անվտանգության գործակալության հետաքննությունների բյուրոյին՝ նրանց աջակցության համար», - ասել է Վենսը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնաբերված քանդակները գողացվել են Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1975-1990 թթ.) և վաճառվել մասնավոր հավաքորդներին:
Մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ քանդակների մի մասը գտնվել է մասնավոր սեփականատերերի մոտ, իսկ որոշ իրեր նույնիսկ ցուցադրվել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում. դրանք տրամադրել է մասնավոր հավաքորդը:
Մանհեթենի շրջանային դատախազը հայտարարել է հնագույն իրերի առևտրի դեմ պայքարի ստորաբաժանում ստեղծելու մասին: Վենսի խոսքով՝ 2012 թվականից իր գրասենյակը վերադարձրել է մի քանի հազար գողացված իր, որոնց ընդհանուր արժողությունը գնահատվել է ավելի քան 150 միլիոն դոլար: