16/12/2017 13:15
ԶԼՄ. Կանադացի միլիարդատիրոջն ու նրա կնոջը գտել են մահացած՝ Տորոնտոյի նրա տանը
Կանադացի միլիարդատեր, Apotex դեղագործական կորպորացիայի հիմնադիր Բարի Շերմանին ու նրա կնոջը՝ Հանիին գտել են մահացած նրանց տանը կանադական Տորոնտո քաղաքում, հայտնում է ТАСС-ը հղում անելով CBC-ին։
Հեռուստաալիքը հայտնել է, որ նրանց մահվան մասին տեղեկությունը հաստատել է կորպորացիան։
«Մենք բոլորս Apotex–ում խորապես ցնցված ենք ու վշտացած այդ նորությունից», - մեջբերում է հեռուստաալիքն ընկերության հայտարարությունը։
Տորոնտոյի ոստիկանությունը կասկածելի է համարում ամուսինների մահվան հանգամանքները։ Նշում են, որ նրանց մարմինները հայտնաբերել է նրանց ընտանիքի անդամ չհանդիսացող մեկը։ Թե ինչն է դարձել Շերմանի ու նրա կնոջ մահվան պատճառը՝ չեն հայտնում։
Շերմանը հիմնել է Apotex-ը 1974-ին։ Ընկերությունը զբաղվում է դեղորայքի արտադրությամբ ու դրանք արտահանում է ավելի քան 115 երկրներ։ Նոյեմբերին Canadian Business ամսագիրը Շերմանին ընդգրկել էր Կանադայի ամենահարուստ մարդկանց ցանկում։ CBC հեռուստաալիքը նաեւ հայտնում է, որ ամուսինները ակտիվ բարեգործական գործունեություն էին վարում։