16/12/2017 15:52
Նորք Մարաշում գտնող CPS բենզալցակայանի աշխատակցի վրա կրակողը Նորքի թաղապետի 28-ամյա ազգականն է
Shamshyan.com-ի տեղեկություններով Երևանի Արմենակյան փողոցի վրա գործող բենզալցակայանում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Նորքի 2-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Երջանիկ Գրիգորյանը: Նա վիճաբանության մեջ է մտել բենզալցակայանի աշխատակցի հետ, այնուհետև իր մոտ պահվող դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակել է Լ. Գաբրիելյանի ոտնաթաթին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հորեղբոր տղան է, իսկ նշված բենզալցակայանը պատկանում է Գոռ Ալոյանին, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ Լ.Գաբրիելյանը՝ ծնված 1997 թ.։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը նշված վնասվածքն ստացել է Արմենակյան փողոցի վրա գործող բենզալցակայանին կից սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական տվյալներով՝ հաճախորդներից մեկը, վիճաբանելով տուժողի հետ, իր մոտ գտնվող հրազենից կրակել է նրա ոտքի ուղղությամբ՝ աջ ոտնաթաթին պատճառելով մարմնական վնասվածք, որի հետևանքով խաթարվել է նաև բենզալցակայանի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ։