16/12/2017 16:20
2017-ին պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանով համայնքապետերի նկատմամբ 34 քրգործ է հարուցվել. Դատախազություն
2017թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ, այս մասին հայտարարել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Քանի որ անցնող շաբաթվա ընթացքում ԶԼՄ-ներում հաճախակի էր հնչում այն հարցը, թե իրավապահ մարմինների կողմից ի՞նչ է մինչև հիմա արվել ՏԻՄ-երում հնարավոր կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ուղղությամբ, հարկ եմ համարում նշել.
2017թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ: Նշված գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ, դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
15 քրեական գործի նախաքննություն շարունակվում է»,- նշել է Գ. Աբրահամյանը: