28/12/2017 11:40
Կառավարությունը հավանություն տվեց Բռնության մասին ԵԽ կոնվենցիային
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին որոշման նախագիծը։
«Այս կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին, պրակտիկորեն բացի ԵԽ երկու անդամներից, բոլոր երկրները ստորագրել են այն», - ասաց Դ. Հարությունյանը։
Նախարարը կառավարությանն առաջարկեց, որպեսզի Հայաստանն էլ ստորագրի այս կոնվենցիան։
«Մանրամասն չեմ ուզում խոսել, որովհետև որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք ընտանեկան բռնության կանխարգելման ու զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագծի հետ կապված, սկզբունքորեն բուն դրույթներն այդ օրենքի վերցված են այս կոնվենցիայից», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված Հայաստանն առաջարկում է վերապահում կատարել ու մի շարք դրույթներ ՀՀ-ում չեն տարածվելու։
«Սա պայմանավորված է մեր իրավական համակարգի առանձնահատկություններով», - նշեց Արդարադատության նախարարը։