08/01/2018 14:49
ԶՈւ արդիականացման հիմնական խնդիրը դրվում է առաջիկա տարիների համար. Արտակ Զաքարյան
ՀՀ զինված ուժերի արդիականացումն անհրաժեշտություն է, Հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծին։
Փոխնախարարի խոսքով՝ աշխարհի բոլոր երկրների զինված ուժերն էլ ժամանակ առ ժամանակ արդիականացման խնդիր են դնում իրենց առջև, իսկ դա, ըստ նրա, պայմանավորված է և՛ զենքի շուկայում փոփոխություններով, և՛ մարտական պատրաստվածության նոր հմտությունների ձեռք բերմամբ, ինչպես նաև մի շարք այլ հրամայականներով։
«Արդիականացման լուրջ աշխատանքներ են իրականացվել ծրագրի մշակման համար, առաջիկայում ծրագիրը կունենա իր ընթացքը։ Փորձելու ենք այնպես անել, որ հունվար ամսվա ընթացքում ծրագիրը հաստատվի և դառնա պետության բոլոր գերատեսչությունների համար առաջնորդող փաստաթուղթ»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Այլ մանրամասներ չհրապարակելով արդիականացման ծրագրի վերաբերյալ, Արտակ Զաքարյանը միայն ասաց, որ արդիականացման հիմնական խնդիրը դրվում է առաջիկա տարիների համար, որպեսզի ՀՀ զինված ուժերը կարողանա շատ ավելի մեծ և հավակնոտ խնդիրներ լուծել։