08/01/2018 13:44
Ե՞րբ և ինչպե՞ս են տեղի ունենալու նախագահի ու վարչապետի ընտրությունները
Փետրվարի վերջին տասը օրում առաջադրվելու են հանրապետության նախագահի թեկնածուները, հաղորդում է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդումը։
Մարտի առաջին տասը օրում տեղի է ունենալու հանրապետության նախագահի ընտրությունը՝ նոր կարգով։ Նախագահին ընտրելու է խորհրդարանը։
Նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները և կառավարությունը հրաժարական կտա։ Նոր կառավարություն ձևավորելու համար Ազգային ժողովի խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուներին։
Խմբակցությունները վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար մեկ շաբաթ ժամանակ ունեն՝ ապրիլի 9-16-ը, որից հետո Ազգային ժողովը նիստում պետք է ընտրի վարչապետ։
«Խորհրդարանի դերակատարումն արդեն կարևորվում է այնպիսի կարևոր պաշտոնյաների ընտրությամբ, ինչպիսին հանրապետության նախագահն է և վարչապետը»,- «Օրակարգ» հաղորդման ընթացքում ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ է նշանակելու հանրապետության նախագահը։ Նշանակվելուց հետո արդեն հանրապետության վարչապետն առաջադրելու է փոխվարչապետերին, նախարարների թեկնածուներին՝ 5 օր ժամկետում։ Նախագահը նրանց նշանակելու է եռօրյա ժամկետում։
Նոր կառավարության ձևավորման հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է, իսկ անցումը խորհրդարանական կառավարման ավարտված կհամարվի այն օրը, երբ լիազորությունները կստանձնի հանրապետության նորընտիր նախագահը։