08/01/2018 13:07
«Սասնա ծռեր» խմբի երեք անդամներ շարունակում են հացադուլը
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող «Սասնա ծռեր» խմբի երեք անդամներ, որոնք այժմ կալանքի տակ են, շարունակում են հացադուլը։ Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է Արմեն Բիլյանը, որին հետո միացել էր Սմբատ Բարսեղյանը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ տոների ընթացքում ի աջակցություն իր ընկերների, նրանց է միացել նաև Արայիկ Խանդոյանը։
«Արդեն տասնմեկ օր է՝ Արայիկ Խանդոյանը հացադուլի մեջ է։ Նրա զգացողությունը նորմալ է և այդ քայլով նա աջակցություն է հայտնում իր ընկերներին, ովքեր պահանջում են իրենց տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, ցուցաբերել նորմալ բուժօգնություն», - ասաց Պապիկյանը։
Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը Aysor.am-ին ասել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ, ինչը ավելի է սրացնում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անմխիթար վիճակը, ցուրտ պայմանները։