09/01/2018 15:57
Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։
Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Նիկոլայ Գրիգորյանը:
«Այո, նշանակվել եմ ԱԱԽ քարտուղարի խորհրդականի պաշտոնում», - ասաց նա`չցանկանալով այլ հարցերի պատասխանել:
Հիշեցնենք, Ն.Գրիգորյանը, ըստ ՀՀ ԱԻՆ-ի, մայիսի 5-ին ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե որն է եղել աշխատանքից ազատման պատճառը, Ն.Գրիգորյանը պատասխանել էր. «Ես իմ կամքով դուրս չեմ եկել: Կասեմ միայն այդքանը»:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Նիկոլայ Գրիգորյանը հաստատել էր, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, սակայն պատճառների մասին չէր ցանկացել խոսել, նշելով միայն, որ ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես կգա ու կմանրամասնի, թե որն է եղել ազատման դիմումի պատճառը։
«Բոլորն անպայման կիմանան, թե ինչու եմ գնացել այդ քայլին», - նշել էր նա։