11/01/2018 12:21
Գարեգին Նուշիկյանը 22 մլն դոլարով ժամանցի և զվարճանքի գերժամանակակից կենտրոն է կառուցում Երևանում
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պարկ գրուպ» ԱՊԸ կողմից ներկայացված հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին:
Երևանի քաղաքապետին առաջարկվել է Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության:
Հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրվել է «Պարկ գրուպ» ընկերությանը, որը Aysor.am-ի տեղեկություններով պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար Գարեգին Նուշիկյանին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով։
Կենտրոնում առաջարկվող ծառայությունները գրավիչ կլինեն թե՛ տեղի բնակչության և թե՛ ներգնա զբոսաշրջիկների համար: Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 000 այցելու։
Ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ կառուցվող շատրվանը իր տեխնիկական հագեցվածությամբ կկարողանա մրցակցել օրինակ՝ Միլանում, ԱՄԷ, Քուվեյթում, Սինգապուրում տեղադրված հայտնի շատրվանների հետ:
Բացի այդ 35 մետր բարձրությամբ պտտվող անիվը հիասքանչ հնարավորություն կընձեռի զմայլվելու Երևանի ողջ գեղեցկությամբ, իսկ 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստերը, և ավելի քան 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակը շլացուցիչ զգացումներ կպարգևեն անգամ էքստրիմի մոլի սիրահարներին։
Ատրակցիոնների տեղադրումը իրականացվելու է անմիջապես արտադրողի կողմից:
Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախատեսվում է իրականացնել ինչպես սեփական, այնպես էլ` փոխառու բանկային միջոցների ներգրավմամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 350 աշխատատեղ` միջինը 200 000 դրամ աշխատավարձով։ Ծրագրի ետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ։