11/01/2018 16:30
Սա «Ելք»-ին սատարելու ակցիա չէ, սա երթ է կոնկրետ թանկացումների դեմ. Գևորգ Գորգիսյանը կոչ է անում դուրս գալ փողոց
Քաղաքապետարանի հետ որևէ խնդիր չկա հունվարի 19-ին «Ելք»-ի՝ «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով երթ անցկացնելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ քաղաքապետարանը պետք է ի գիտություն ընդունի երթ անցկացնալու վերաբերյալ «Ելք»-ի իրազեկումը և ոստիկանությունն ապահովի համապատասխան անվտանգությունը։
- Դիմե՞լ եք այլ քաղաքական ուժերին՝ միանալու բողոքի երթին։
- Որևէ այլ քաղաքական ուժի չենք դիմել, բաց հանրային հարթակ է։ Եթե կան ցանկացողներ, կարող են գալ և մասնակցել, որևէ խնդիր չկա։ Մենք բաց ենք։ Տարբեր քաղաքացիների հետ զրուցում ենք, պատմում ենք, թե ինչ ենք անելու, փորձում ենք ներգրավվել իրենց, բայց պաշտոնական հրավեր որևէ ուժի չենք արել։
- Իրենց կողմից և՞ս ձեզ միանալու առաջարկներ չեն եղել, թեկուզ՝ ոչ քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններ, շարժումներ և այլն։
- Դեռևս ոչ։
- Ինչո՞վ եք դա պայմանավորում, գուցե կա քաղաքական նախանձ, որ նախաձեռնողը «Ելք»-ն է։
- Չենք շտապում որևէ բանով պայմանավորել, դեռ հնարավոր է, որ մարդիկ միանան, փորձեն աջակցել։ Խոսում ենք իրենց հետ, փորձում ենք եզրեր գտնել։
- Վերջին շարժումները ցույց են տալիս, որ մարդիկ չեն ուզում քաղաքական ուժերի մասնակցությունը տեսնել այդտեղ։
- Պետք է ի վերջո զերծ մնանք այդ բարդույթից, որովհետև հասկանում ենք, որ ցանկացած խնդրի աղբյուրը քաղաքականության մեջ է։ Հենց հիմա մենք ունենք թանկացումներ, որովհետև փոխվել է հարկային օրենսգիրքը, հարկային օրենսգրքով ավելացել է բենզինի, գազի և դիզվառելիքի ակցիզային հարկը, ավելացրած սրան՝ քաղաքացիներին աշխատավարձի իջեցում է սպասում, դարձյալ պայմանավորված հարկային օրենսգրքով՝ եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությամբ։ Այս ամենը չքաղաքականացնել ուղղակի չի լինում։ Սա քաղաքական գործընթաց է, մենք գործ ունենք օրենքի հետ և օրենքի փոփոխության պահանջ ենք ներկայացրել։ Եթե քաղաքացիներն ադեկվատ են, ապա պետք է գիտակցեն, որ չի կարելի առանց քաղաքական գործընթացի հասնել սրան, որովհետև պահանջն արդեն իսկ քաղաքական է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքացիներով «Դեմ եմ» շարժումն էինք անում, հասկանում էինք, որ գործ ունենք քաղաքականության հետ և փորձում ենք ազդել քաղաքականության վրա՝ լինելով քաղաքացիական շարժում։ Սա «Ելք»-ին սատարելու ակցիա չէ, սա երթ է կոնկրետ թանկացումների դեմ։ Սա հասարակության շահերը պաշտպանելու սոցիալական ակցիա է և սրան պետք է սոցիումի տարրերը մասնակցեն։
Մենք մեր 9 մանդատով խորհրդարանում փորձել ենք հնարավոր բոլոր ձևերով բոլոր լծակներն օգտագործել, որպեսզի օրենքում փոփոխությունների կարողանանք հասնել։ Հիմա ժողովրդին կոչ ենք անում ոտքի կանգնել, պաշտպանել իրենց շահերը և պաշտպանել երկրի շահերը, որովհետև եթե այսպես գնա, լրջագույն ճգնաժամ է սպասվում։
Քաղաքական դաշտում անադեկվատ մոտեցում կա ժողովրդի նկատմամբ, մարդիկ կարծում են, թե ինչ կուզեն՝ կանեն, և ժողովուրդը պետք է համակերպվի։ Մենք այդպես չենք կարծում։ Եվ ժողովրդին կոչ ենք անում չհամակերպվել այդ ամենի հետ, որպեսզի կարողանանք միասին մի բան փոխել։
- Երթուղին ո՞ր փողոցներով է լինելու և հանգրվանը որտե՞ղ է լինելու։
- Երթուղին կսկսի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից, Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցով դեպի Մաշտոցի պողոտան, այնտեղից՝ Սայաթ-Նովա, ապա՝ դեպի Տերյան, Թումանյան փողոցներ և Հյուսիսիային պողոտա ու այդտեղ ավարտելու ենք։ Կարևոր է, որ հասարակությունը ցույց տա, որ ինքը բողոք ունի: Եթե այդ պահանջը չլինի, դժվար կլինի որևէ բան փոխել։ Հիմա սիրում են ասել, հատկապես պարոն Շարմազանովը, որ քաղաքացիներն իրենց ընտրել են, վստահության քվե են տվել, որևէ մեկը որևէ բանից չի բողոքում, բոլորը գոհ ու երջանիկ են, գոհ են երկրի իրավիճակից։ Հերթական անգամ պետք է ցույց տալ, որ քաղաքացիները գոհ չեն, որովհետև ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիները գոհ են, 10 000 դրամը վերցրել, գնացել ընտրել են հանրապետականներին։ Եվ հիմա մարդիկ դա օգտագործում են ասելու համար, որ քաղաքացիները գոհ էին կառավարումից։
Կա պահ, կա առիթ, կա սոցիալական թեմա, որպեսզի քաղաքացիներն ասեն՝ ո՛չ, մենք գոհ չենք ձեզանից և ձեր կառավարումից։ Տոներն ավարտվեցին, մարդիկ գնացին խանութ, բենզին ու գազ լցնելու և իրենց մաշկի վրա զգացին այն, ինչի մասին մենք մի քանի ամիս առաջ խոսում էինք։ Հիմա մի հատ էլ հունվարի վերջին են զգալու այն, ինչի մասին մենք խոսում էինք, աշխատավարձը նվազել է։ Հանրային դժգոհություն է առաջանալու։ Բենզինի ու գազի գնի բարձրացումն էլ ազդելու է հացի գնի և մնացած ամեն ինչի վրա։ Սա պետք է բերի ժողովրդական լուրջ ընդվզման։