11/01/2018 19:45
WhatsApp-ը վտանգավոր խոցելիություն ունի
Գիտնականները հայտարարել են, որ հայտնի մեսենջեր WhatsApp-ի սերվերները վտանգավոր խոցելիություն ունեն: Հետազոտողները անվտանգության թերությունների մասին հայտնել են Շվեյցարիայում անցկացվող «Real World Crypto» համաժողովի ժամանակ, հայտնում է The Verge-ը:
Մասնագետներին հաջողվել է պարզել, որ հավելվածի սերվերները վերահսկող ցանկացած մարդ կարող է առանց ադմինիստրատորի թույլտվության խմբակային չաթերի մեջ նոր մարդկանց ներգրավել: Չաթում նոր օգտատիրոջ հայտնվելուց հետո, նա խմբում բոլոր հետագա հաղորդագրություններին հասանելիություն է ստանում:
«Խմբի գաղտնիությունը խախտվում է, քանի որ պատահական օգտատերը կարող է նոր հաղորդագրություններին հասանելիություն ստանալ»,- հայտարարել է հետազոտող Փոլ Ռեսլերը:
Փորձագետները պնդում են, որ WhatsApp-ի սերվերներին հասանելիություն կարող են ստանալ միայն ընկերության աշխատակիցները, կառավարությունը և հաքերները: Այսպիսով գիտնականները խորհուրդ են տալիս մեսենջերում օգտագործել միայն անձնական հաղորդագրությունները: