11/01/2018 13:40
Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 միլիոն դրամ տուգանք կսահմանվի, 2-րդ խախտման դեպքում` 2 միլիոն
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:
Ըստ նախագծի՝ առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով:
Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել:
Նշենք, որ ամիսներ առաջ Երևանի ավագանու նիստում «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն անդրադարձել էր գիշերային հրավառություններին:
Նա նշեց, որ խմբակցությունը քաղաքապետարանին առաջարկել է ժամը 23:00-ից հետո հրավառություն իրականացնողին առաջին խախտման դեպքում տուգանել1 միլիոն դրամով, 2-րդ անգամ՝ 2 միլիոն:
«Մենք կառավարությանը պետք է ներկայացնենք հրավառության հետ կապված նախագիծ: Մեր կողմից եղել է նվազ առաջարկ, իսկ «Ելք»-ն արդեն թիվը նշեց, մենք ընդունել ենք ու ընդունած ուղարկել ենք գերատեսչություններին: Իրենց եզրակացությունները ստանանք, նոր կառավարությունում կքննարկենք», - ասել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը: