12/01/2018 12:43
Եթե ես ու իմ նման մարդիկ չանեն ներդրում, դրսի ներդրողը ինչո՞ւ պետք է գա. Գարեգին Նուշիկյանը ներկայանում է նոր ներդրումային ծրագրով
«Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը առաջիկա տարիներին Երևանում ժամանցային խոշոր կենտրոն է կառուցելու և այդ նպատակով պատրաստվում է միայն առաջին տարվա ընթացքում ներդնել շուրջ 20-25 մլն ԱՄՆ դոլար:
Կենտրոնի հիմնադրման համար առաջին քայլը կատարվեց երեկ, երբ կառավարությունը հաստատեց Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը:
Ըստ այդմ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրվեց «Պարկ գրուպ» ընկերությանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գ.Նուշիկյանն ասաց, որ նախագծում են կառուցել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն, որը կունենա գերժամանակակից ատրակցիոններ, շատրվաններ՝ գույնզգույն ու գեղեցիկ լազերային էֆեկտներով, ինչպես նաև սննդի սպասարկման կետեր։ Կենտրոնը նաև ունենալու է փակ տարածք:
«Ժամանցային նման կենտրոն չկա Երևան քաղաքում: Եվ ոչ միայն Երևանում, այլ նաև Թբիլիսիում, Սոչիում, Իրանում: Օրինակ՝ ես թոռնիկիս հետ գնացել էի Թբիլիսի, չգիտեի՝ ինչպես զվարճացնել երեխային, ուր տանել: Իսկ, այ, օրինակ, երբ գնում ենք ԱՄՆ ու այլ երկիր՝ այնտեղ կա «Դիսնեյլենդ», երեխաները շատ լավ ժամանակ են անցկացնում: Ինչո՞ւ Երևանում ևս չունենանք նման կենտրոն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գարեգին Նուշիկյանը:
Նրա խոսքով, առաջիկա երեք ամիսների ընթացքում կենտրոնի կառուցմանն ընդառաջ կկատարվեն փաստաթղթային աշխատանքներ, որից հետո կսկսվի շինարարությունը: Կենտրոնի պատրաստ լինելու համար պահանջվում է 5 տարի:
«Բայց կաշխատենք բացումը շուտ անել: Ինչքան շուտ, այնքան լավ», - նկատեց գործարարը:
Հարցին, թե ի՞նչ միջոցներով է կատարվելու ներդրումը, Նուշիկյանը պատասխանեց, որ գումարի մեծ մասը ձեռք է բերվելու հայաստանյան ու միջազգային բանկերից և լինելու են վարկային միջոցներ: Բացի այդ, լինելու են ատրակցիոններ, որոնց արտադրողի հետ պայմանավորվածության համաձայն, դրանք տրամադրվելու են ու ընթացքում առանց տոկոսի վճարում է իրականացվելու:
Գործարարը ներդրումային ծրագիրը խոշոր չի համարում, մյուս կողմից էլ նկատում է, որ Հայաստանի պարագայում հնարավոր է՝ այն համարվի խոշոր ներդրում:
Հարցին, թե Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում արդյոք գործարարը նման ներդրումը ռիսկային չի՞ համարում, Նուշիկյանը պատասխանեց. «Ամեն ինչի մեջ էլ ռիսկայնություն կա: Բայց մտածել, որ աղքատությունը այս մակարդակի է ու ոչինչ չանել, այդ աղքատությունը կխորանա: Բայց չէ՞ որ մեր թոռներն էլ այս երկրում պետք է ապրեն: Բա եթե ես ու իմ նման մարդիկ չանեն ներդրում, դրսի ներդրողը ինչո՞ւ պետք է գա ու ներդրում անի: Իհարկե, մտածում ենք, և բիզնեսը չի կարող այդ ամենը հաշվի չառնել, բայց դա դարձնել առաջնային, իմ կարծիքով՝ ճիշտ չէ: Համենայնդեպս, ես լավատես եմ»:
Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 300-ից ավելի աշխատատեղ և ինչպես Նուշիկյանն ասաց, դրանք տարեց տարի կավելանան:
Նման ծրագրի իրականացումը գործարարը Երևանի համար կարևոր է համարում, քանի որ մայրաքաղաք եկած զբոսաշրջիկները իրենց երեխաների հետ չեն կարող լիարժեք ու գեղեցիկ ժամանաց անցկացնել:
«Տեսեք մեր երկրում տուրիստների քանակն ավելացել է, ու մարդիկ գալիս են, բայց տեղ չունեն գնալու: Մեր հայրենակիցները գալիս են երեխաների հետ Երևան ու զբաղվելու տեղ չկա: Չէ՞ որ դրանով նաև պետք է գրավես մարդկանց, որ այցելեն մեր երկիր», - հավելեց գործարարը: