12/01/2018 18:23
Թունիսում ձերբակալել են բողոքի ակցիաների մոտ 800 մասնակցի
Թունիսում ոստիկանությունը բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում, որոնք շարունակվում են շաբաթվա սկզբից, ձերբակալել է մոտ 780 մարդու, հայտնել են ԶԼՄ-ները հղում անելով երկրի ՆԳՆ նախարարությանը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Կառավարության կողմից ձեռնարկված խիստ խնայողության միջոցների դեմ զանգվածային բողոքները, որոնք ուղեկցվում են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով, Թունիսի մի շարք խոշոր քաղաքներում շարունակվում են երկուշաբթի գիշերից: Բողոքի ակցիաների մասնակիցները ոստիկանների վրա նետում են քարեր, ճայթռուկներ և հրկիզիչ խառնուրդով շշեր, նաև հրկիզում ավտոմեքենաներ ու ավերում խանութների ցուցափեղկերը: Ցուցարարներին ցրելու համար կարգի պահապաններն արցունքաբեր գազ են կիրառում:
Ըստ վերջին տվյալների՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է մեկ մարդ, նաև տուժել են ոստիկանության մոտ 50 աշխատակիցներ:
Ցուցարարները կառավարությունից պահանջում են հրաժարվել 2018 թվականի բյուջեից, որն ընդդիմադիր խմբերը որակում են անարդարացի: Նրանք նաև հանդես են գալիս նվազ ապահովված ընտանիքների համար ավելի բարձր սոցիալական նպաստներ սահմանելու օգտին: Բացի այդ, նոր տարում երկրում աճել են մի շարք ապրանքների գներ, ինչը նույնպես հարուցել է քաղաքացիների դժգոհությունը: