12/01/2018 15:14
Ջրահեռացման և ջրամաքրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրումը մեծ բեռ է, ուստի ծրագիրը հետաձգվել է 2025-2030 թթ. նախարար
ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ մտցնել ՀՀ ջրային օրենսգրքում, ինչն ուղղված է ջրամատակարարման համակարգում ջրահեռացման և ջրամաքրման աշխատանքներ իրականացնելուն:
«Սա կօգնի մաքուր շրջակա միջավայր ունենալ: Ջրահեռացման համար հստակ կանոններ կգործեն և արտադրական կեղտաջրերը չեն խառնվի ընդհանուր կոյուղաջրերի հետ: Այսօր էլ մենք բավական վատ վիճակ ենք տեսնում, օրինակ` Շենգավիթի հատվածում, երբ արտադրական ջրերը խառնվում են ընդհանուր կոյուղաջրերի հետ և համակարգը խաթարվում է», - ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Վերջինս ընդգծեց, որ բոլոր համակարգերը պետք է ունենան ջրահեռացման և մաքրման անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ նկատելով, որ անհրաժեշտ է նաև այդ համակարգերը հասանելի դարձնել հասարակությանը:
«Նկատի ունենալով, որ սա մեծ բեռ է՝ դրա ներդրումը հետաձգվել է մի դեպքում 2025, մյուս դեպքում՝ 2030 թ-ը, ինչը հնարավորություն է տալիս մասնավոր սեկտորին և պետությանը՝ ի դեմս կառավարության որդեգրած քաղաքականության, դրամաշնորհներ ներգրավել այս ծրագրերը թեկուզ մասնակի իրականացնելու համար», - նշեց նախարարը՝ հավելելով, որ սա կնպաստի նաև մաքուր շրջակա միջավայր ունենալուն:
Նախագծով արտոնություններ կսահմանվեն ջրի կրկնակի օգտագործման դեպքում. «Այս կարգավորումները բացում են դաշտ: Մասնավոր սեկտորը կտեսնի, որ ջրամաքրման միջոցով կարող է բիզնես նախագծեր սկսել: Այն մարդիկ, ովքեր կվերցնեն և կմաքրեն ջուրը, պետք է իմանան, որ արտոնություններ կունենան՝ որոշ վճարումներ նրանց համար կնվազեցվեն, անգամ կզրոյացվեն», - ասաց նա:
Նրա խոսքով՝ այս պահին հանրապետությունում գործում են մաքրման 6 մեխանիկական կայաններ, մինչդեռ չկան ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան բոլոր համայնքներում կենսաբանական մաքրում իրականացնել: Նախարարը նշեց, որ ամբողջ Հայաստանով նման կայաններ ունենալու համար անհրաժեշտ է մոտ 2.5 մլրդ դոլարին համարժեք դրամի ներդրում և հավելեց, որ իրենք խնդիր չեն տեսնում ներդրումների ժամկետը երկարաձգելու մեջ, քանի որ նպատակ չունեն ծրագրի իրականցնման արդյունքում խորացնել հարկային բեռը: