12/01/2018 15:58
Նախագահն առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների թեմայով
Դեպի ապագան միտված անցումային շրջանում ուշադրությունից չպետք է վրիպեն երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ:
«Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է», - ասել է Ս.Սարգսյանը:
Նա նշել է, որ Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել:
«Գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել», - ասել է Ս.Սարգսյանը: