12/01/2018 16:03
Նախագահ Սարգսյանը խորհրդարանի աշխատանքի որակի աճ է արձանագրում
Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները չեն տուժի՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն:
«Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է», - ասել է նա:
Ս.Սարգսյանի խոսքով՝ ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը:
«Ապագայում Հանրապետության Նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա: Սա էլ շատ կարևոր հանգամանք է, և մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ», - ասել է նա:
Ս.Սարգսյանը նշել է, որ Ազգային ժողովի աշխատակազմը նաև պետք է փորձագիտական աջակցություն տրամադրի ոչ միայն օրենսդրության մշակման, այլև գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: