12/01/2018 15:55
Սերժ Սարգսյան. Գնահատում եմ ԱԺ նախագահի համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում
Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ բավարարված է այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր ընդունվել է 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:
«Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին:
Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարևոր: Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, և այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ և անցնցում ընթացքը», - ասել է Ս.Սարգսյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանի աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը:
«Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը: Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են», - ասել է ՀՀ նախագահը:
«Պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը», - ընդգծել է նա: